Ու՞ր տարան մանկության մտորումներն ու գիտակցումը, թե որտեղից եմ սերում։


«Չու-խուր-յան» տոհմի ծագումնաբանությունը.
հետադարձ հայացք դեպի Այնճար, Վագըֆ ու Խդրբեգ
«Չու-խուր-յան». դժվարընթեռնելի ու անծանոթ ազգանունս սխալ կարդալիս միշտ նեղսրտում էի ու հերթական անգամ ուղղում ուսուցիչներիս ու դասախոսներիս։
Տառաճանաչ դառնալուց հետո միայն սկսեցի պարզել, թե ինչու եմ այդքան «անծանոթ» ու գուցե «անհարմար» կարդացվող ազգանվանն արժանացել։
Ովքե՞ր են նախնիներս
1
Մովսես Հովհաննեսի Չուխուրյան
Հայրս է։ Ծնվել է 1965թ. Բագրատաշեն գյուղում։
3 զավակ ունի։ Մանկության մասին դժվար է խոսում, քանի որ այն ինչ վերապրել է դժվար է կոչել մանկություն։
Մորական կողմի տատի մասին պատմում է, որ տատս թուրքական վայրագություններից ծանր հիշողություններ ուներ։ Ամեն օր երեկոյան դարպասի մոտ կանգնում էր ու ասում. «Էրեխեքին պահեք, բալամ, թուրքերը գալիս են»:
Հայրս պատմում է, որ պապիկը երգերը երգելիս կարծես թե թաքուն էր երգում ու ասում էր.«Կամաց երգեք, բալեք, էստեղ պատերն էլ ականջներ ունեն, թուրքերը կլսեն»։
2
Հովհաննես Պողոսի Չուխուրյան
Պապս։ Ցավոք, չեմ հասցրել ճանաչել նրան։ Համագյուղացիները պատմում են, որ առատաձեռն ու բարի մարդ էր, սիրում էր գյուղատնտեսությամբ զբաղվել։
Ծագումով Վագըֆից էր։ Ծնվել է Այնճարում։
Ամուսնացել է ծագումով Խդրբեգցի Ազնիվ տատիս հետ ու հայրենադարձվել Հայաստան
1930-ական թթ։
Ունեցել են 8 զավակ` 6 տղա, 2 աղջիկ։ Ողջ են մնացել զավակներից 5-ը` հայրս ու 4 հորեղբայրներս։
3
Պողոս Հովհաննեսի Չուխուրյան
Հայրական նախապապս է։ Դժվարանում եմ մանրամասներ գրել, քանի որ նույնիսկ հայրս չի տեսել նրան։
Ինչպես պապիկս էր պատմել հայրիկիս, մեծ պապս ծնվել էր Մուսալեռան Վագըֆ գյուղում։
~

Թերեւս այս կետից սկսած մեր տոհմի պատմությունն ավելի շատ ազգանվանական ու տոհմաբանական արխիվներին ու տատիս հիշողություններին է առնչվում։

Ազգանվանական որեւէ բառարանում Չուխուրյան ազգանունը չգտնելով, սկսեցի արտասանությամբ ու հնչեղությամբ մոտ ազգանուններ փնտրել։

Գիտեի նաեւ, որ նույն ծագումն ունենք Ճուղուրյանների, Չուխարյանների հետ։ Համեմատականներն ու փնտրտուքները տարան դեպի «Սուետիոհայերու պատմութիւն» ծավալուն գիտական աշխատանքը, որտեղ նկարագրվում էին Սուետիայի(Մուսալեռան) գյուղերի կենցաղը, ավանդույթնեըն ու այդ գյուղերից ծագած տոհմերը, ազգանունները։ Այստեղ վերջապես գտնում եմ Չոգորեան ազգանունը, համադրում տատիկիս պատմած այն իրողության հետ, թե մեր ազգանունը փոփոխվել է գաղթի ճանապարհին` Եգիպտոսում, Սիրիայում ու Այնճարում ապրելու տարիներին ու ստացվում է, որ մենք հենց Չոգորեան տոհմի հաջորդներն ենք։

Չոգորեան ազգանվան արմատը 2 բացատրություն կարող է ունենալ.

1. Չոգոր կոչվող երաժշտական գործիքը, որից պիտի ենթադրենք որ նախապապս գուցե նվագել է այս գործիքով։


2. Չուխ, որը Մուսալեռան բառապաշարում նշանակում էր փոս, հեռու հատված։ Այսինքն, այս տրամաբանությամբ էլ նախապապերս ապրած պիտի լինեն Վագըֆի ավելի հեռու փողոցում։

Խդրբեգն ու Վագըֆը Մուսալեռան 6 նշանավոր 6 գյուղերից երկուսն էին, որոնք հերոսական պաշտպանություն կազմակերպեցին թուրքական հարձակումների դեմ 1915թ. հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը։
«Գերմեր ֆստան հագցուցե,
Հալա-հալա-հալա Նինոյէ...
Չուծե աղվոր վիլուծե,
Հալա-հալա-հալա նինոյէ...
Տատս հաճախ էր մտմտում քթի տակ տնային գործերը կատարելու կամ պարզապես լավ տրամադրության ժամանակ։ Արդեն պատանի էի, երբ իմացա, որ մուսալեռցիների սիրերգն էր տատս փոխանցում մեզ։
Տատս պատմում էր Խդրբեգի ու Այնճարի մանկության ու պատանեկության մասին։
Պատրաստած համեղ խորտիկները, հետո միայն պիտի պարզեի, որ Մուսալեռան անմահական խոհանոցին էին վերագրվում։

Հաճախ էր պատրաստում թաբուլե, հարիսա, սուրքի, կիժ, խիրուպանեյր (վերջիններս Մուսալեռում տարածում ունեցող 3 տեսակի պանիրներ են):

Սուրքի

  1. 200 կրամ կաթնաշոռ,
  2. 1 ապուրի դգալ լոլիկ-պղպեղի մածուկ
  3. 1 ապուրի դգալ ծոթրին
  4. ½ թէյի դգալ տարչին
  5. ½ թէյի դգալ սեւ պղպեղ
  6. ½ թէյի դգալ քիմիոն
  7. ½ թէյի դգալ ռեհան
  8. ½ թէյի դգալ ուրձ
  9. ½ թեյի դգալ բահար
  10. ½ թէյի դգալ վարդի թերթիկ
  11. աղ

Բաղադրիչները խառնել իրարու:

Ամրանը պատրաստել սուրքի (մգլոտած, բորբոսած պանիր), ձեռքերը ձէթոտելով գնդել բուրգի նման, շարել բամբակեայ լաթի մը վրայ եւ դնելով ստուերոտ ու քամոտ տեղ մը` չորցնել, երբեմն-երբեմն տակն ու վրայ ընելով կամ եթէ պետք է տակի լաթը փոխել: Չորցնելէն յետոյ, բորբոսացնելու համար, լեցնել ապակեայ կարասի մէջ, փակել բերանը, պահել մութ ու պաղ տեղ մը: Ժամանակի ընթացքին այն կը սկսի բորբոսնիլ: Օգտուելու ժամանակ, մաքրել բորբոսը, բարակ շերտերով կտրատել, վրան լեցնել ձէթ: Իսկ խուսափելու համար բորբոսէն, այն պահեստաւորել սառնարանին մէջ:


Կիժը կամ քըպծուծ պանեյր շոռին խառնած չոր ծոթրին եւ աղ, կուժի մէջ քըպցելով` սեղմելով կը պահեստաւորեն, որոշ ժամանակ՝ գլխիվայր, որպէսզի ջրային մասը քամուի։


Իսկ երրորդ տեսակի պանիրը կը կոչուի խիրուպանեյր, զորս կը ստանան կաթը եռալու ժամանակ մածնաջուրով կտրելով:

Մուսալեռան հարուստ խոհանոցին առնչվող այլ համեղ ու հետաքրքիր կերակրատեսակների մասին կարող եք կարդալ այստեղ։
Վերադառնանք Վագըֆին. Վագըֆը Մուսալեռի եւ առհասարակ ամբողջ Թուրքիայի տարածքում վերջին հայկական գյուղն է, որտեղ դեռեւս մոտ 100 հայ է ապրում։ Ուխտագնացների են ընդունում ամեն տարի ու փորձում են հնարավորինս կենդանի պահել Մուսալեռան հերոսների մասին պատմությունները, հայկական գյուղական կենցաղն ու ավանդույթները։
2020թ. Թուրքական կառավարությունը հայտարարել էր, թե Վագըֆը կունենա գյուղական ավանդույթներին ու կենցաղին նվիրված թանգարան։ Նշանավոր պարբերական The Guardian-ը նույնպես անդրադարձավ դրան։ Հավանաբար Քովիդ-19 համաճարակով, պատերազմով ու հայ-թուրքական հարաբերությունների լարվածությամբ պայմանավորված` այդ հարցը եւս մնացել է միայն մամուլի էջերին։
Վագըֆ`Թուրքիայի վերջին հայկական գյուղը.
The Guardian-ի անդրադարձը։

















Վագըֆը` հիշողությամբ ապրելով ու դեռ երկար պահպանվելու չմարող հույսով։
Գուցե մոտ ժամանակներս վիճակվի լինել Վագըֆում ու գտնել պապական տունս` պապիս գաղթելուց շուրջ 115 տարի հետո։ Ո՞վ գիտե...
Տարիների հետ ավելի ու ավելի եմ սկսում կարեւորել տեղի հետ կապված հիշողությունն ու սերն առ հեռավոր Մուսալեռ հայրենիք, որ փոխանցվել են տատիկից ու հայրիկից ու ինձ մոտ տպավորություն է, որ ծնվելուց ի վեր եղել են ինձ հետ...
Լուսանկարները` Այնճարի Մուսալեռցիների արխիվի
Տեքստը` Նարինե Չուխուրյանի

Մուսալեռցիների կյանքից, ինքնապաշտպանությունից, գաղթից հետաքրքիր հուշեր ու մանրամասներ կարող եք գտնել նաեւ այստեղ`

https://mousaleranjar.org/
https://www.houshamadyan.org/arm/home.html

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website