Երբեմնի արդյունաբերական հսկաների պատմությունը

Արդի ժամանակներում ճամփորդելն ու զբոսաշրջությունը դարձել են հասանելի ու ոչ այնքան հազվադեպ երեւույթ։ Հետզհետե մարդկանց մոտ զարգանում է պահանջմունք` տեսնել ավելի տարբերվող, ավելի քիչ այցելվող շրջաններ, որոնք շատ հայտնի են կամ երբեւէ հայտնի են եղել իրենց արտադրանքով, եղել են արդյունաբերական այս կամ այն ճյուղի առաջատար ձեռնարկություններ։

Զբոսաշրջության այս տիպը տարիների ընթացքում ստացավ արդյունաբերական տուրիզմ անվանումը։

Այս ոլորտում էական դերակատարներն ու իրազեկներն իհարկե ստալկերներն են։

20-րդ դարի ԱՄՆ եւ աշխարհի մեքենաշինության մայրաքաղաքը` Դեթրոյթը կառուցվեց բացառապես որպես արդյունաբերական ավան։ Քաղաքը ծաղկման շրջան սկսեց 1910-ական թթ-ից, երբ այստեղ կեցության եկան լեգենդար «Ջեներալ Մոթորս», «Ֆորդ», «Քրասյլեր» հսկաները` իրենց հետ բերելով մեծ քանակի աշխատուժ ու եկամուտներ։

1950-ականներին, երբ քաղաքն իր ծաղկման գագաթնակետին էր, քաղաքի բնակչությունը կազմում էր ավելի քան 2մլն մարդ։

1970-ական թթ. տնտեսական ու նավթային մեծ ճգնաժամը հանգեցրին քաղաքային եկամուտների նվազման ու գործազրկության մեծ աճի, արդյունքում` բնակիչները պարզապես սկսեցին լքել իրենց տներն ու տեղափոխվել դեպի ԱՄՆ կենտրոնական շրջաններ։ Սկսվեց Դեթրոյթի անկման ցավալի շրջանը։

2020թ. ԱՄՆ մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է մոտ 639.000 մարդ, այսինքն բնակչությունը նվազել է ավելի քան 65%ով։

Չնայած բնակչության թվի շարունակվող նվազմանն ու քաղաքի մայրամուտի մոտալուտ կանխատեսումներին, մեքենաշինական հսկան շարունակում է պահպանել «մոթորիստների» ու «ֆորդիստներ»-ի անվերապահ հարգանքն իր հանդեպ։
Քաղաքը բազմաթիվ այցելուներ է ունենում աշխարհի տարբեր ծագերից, բնակիչները շարունակում են պատմել մոթորսական ու ֆորդիստական պատմություններ...

Ռադիոակտիվ քնած հսկան: Չեռնոբիլ

Ռադիոակտիվ լեգենդների ամենամեծ ժողովածուն թերեւս կարելի է գտնել Չեռնոբիլի մասին։ Համաշխարհային պատմության մեջ ամենամեծ ու առեղծվածային ատոմային վթարներից մեկի էպիկենտրոնում ապրում էր մոտ 13.000 մարդ։
Չեռնոբիլից մոտ 30կմ հեռավորության վրա է գտնվում Պրիպյատ քաղաքը, որն ամբողջությամբ արդյունաբերական ավան էր` նախատեսված ատոմակայանի աշխատակիցների համար։
Քաղաքն ապահովված էր գրեթե ամեն ինչով` ապահովելու ատոմային բնակչության պահանջմունքները` դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, կինոթատրոն, ռեստորաններ, հիվանդանոցներ եւ այլն։

1970-ական թթ. սկսեց կառուցվել ատոմակայանի առաջին էներգաբլոկը, որի փորձարկման ժամանակ փոքր վթարից անդառնալի հետեւանքներ տեղի չունեցան։
1980-ին մեկնարկեց արդեն 4-րդ էներգաբլոկի շինարարությունը, էներգաբլոկները միասին պետք է ապահովեին օրական ավելի քան 29 մլրդ Վատտ էլեկտրաէներգիա ամբողջ ԽՍՀՄ տարածքի համար։

1986թ. ապրիլի 26-ին 4-րդ էներգաբլոկի փորձարկումն ավաղ ավարտվեց վթարով, որպիսին աշխարհը դեռ չէր հանդիպել։ Վթարից ոչ միայն փլուզվեց կառույցը, այլեւ սկսեց մթնոլորտ ու շրջակայք արտամղվել մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։
Ռադիոակտիվ ամպը տարածվեց ոչ միայն ԽՍՀՄ, այլեւ եվրոպական մի շարք երկրների վրա։
Ռադիացիոն ճառագայթման մակերեսը կազմում էր ավելի քան 200 հազ.կմ քառ.:
Վթարի հաջորդ օրը Չեռնոբիլից Պրիպյատից ու շրջակա բնակավայրերից տարհանվեց ավելի քան 165 հազ. մարդ, ովքեր իրենց հետ տարան ռադիացիայի իրենց չափաբաժինը։

Վթարի մասին խորհրդային ղեկավարությունը սկսեց խոսել միայն վթարից օրեր անց, ինչպես հետո պիտի Միլայիլ Գորբաչովը մեկնաբաներ` փորձում էին խուսափել բնկաչության խուճապից։
Վթարային աշխատանքներին ապրիլից նոյեմբեր ամիսներին մասնակցեց ավելի քան 600 հազ. մարդ, որոնցից շատերը քաղցկեղի տարբեր տեսակներից ու այլ հիվանդություններից կնքեցին իրենց մահկանացուն մոտակա 10 տարվա ընթացքում։

Վթարից տարիներ անց ռադիացիոն ֆոնի բարձր ակտիվությամբ այդ տարածքներն ընդգրկված են Ուկրաինայի հատուկ պահպանվող տարածքների մեջ, եւ մարդկանց ել ու մուտն այնտեղ իրականացվում է հատուկ թույլտվությամբ։
Այդուհանդերձ, գտնվում են խիզախներ, ինչպես չեռնոբիլյան տատիկները («чернобыльские бабушки»), ովքեր չեն լքում իրենց տարածքն ու ապրում են առօրյա կյանքով։ Հյուրեր են ընդունում ու նախանձելի ակնածանքով պատմում ատոմային հսկայի ընդհատված կյանքի մասին։

Երիտասարդ արկածախնդիրների մի խումբ էլ սկսել է հատուկ թույլտվությամբ զբոսաշրջային այցելություններ կազմակերպել դեպի ատոմային քաղաքակրթություն։
ԽՍՀՄ տարածքում ձեւավորված արդյունաբերական կարեւորագույն կլաստերներից մեկը հանդիսանում էր Հայաստանը։
Պայմանավորված գիտելիքահեն հանգամանքով` հայկական արդյունաբերական արտադրանքը` սկսած հրթիռաշինական դետալների արտադրությունից ու մանր ու միջին էլեկտրոնային մեքենաշինությունից վերջացրած ծանր քիմիական արդյունաբերության արտադրանք, վայելում էր ոչ միայն ԽՍՀՄ, այլեւ եվրոպական երկրների անվերապահ պահանջարկն ու հարգանքը։ 

Հայաստանի հյուսիս-արեւելքում արդյունաբերական աշխույժ կյանքով էր ապրում նաեւ Իջեւանը։


6 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն («Բենտոնիտ», «Գինու եւ կոնյակի», փայտամշակման, գարեջրի ու հանքային ջրերի, գորգագործական եւ այլ կոմբինատներ) թեթեւ ու սննդի արդյունաբերական արտադրանք էր մատակարարում ԽՍՀՄ ողջ տարածքին։


Ամենախոշորն ու հայտնին թերեւս Իջեւանի գորգագործական կոմբինատն էր։

Հայաստանի մանող հսկան` Իջեւանի գորգագործական կոմբինատ
Գորգագործական հայտնի կոմբինատը հիմնադրվել է 1964թ։ ԽՍՀՄ տարածքում այն 3-րդն էր արտադրանքի ծավալներով ու աշխատուժով։ Կոմբինատում աշխատում էր ավելի քան 3000 մարդ, եւ այժմ էլ տարածաշրջանում դժվար է գտնել ընտանիք, որը այս կամ այն կերպ կապված չի եղել կոմբինատի հետ կամ աշխատող ընտանիքի անդամ չի ունեցել այնտեղ։

Գիշեր-ցերեկ մանող հսկայի աշխատանքն ապահովվում էր 3 աշխատանքային հերթափոխով։ Գորգագործարանում արտադրվում էր 50 անուն գորգ, որոնք պատրաստվում էին նոր զելանդական բարձրորակ բրդից, արհեստական մանրաթելերից։
ԽՍՀՄ-ում եւ արդեն դրա տարածքից դուրս արտադրանքն իր համբավն էր վայելում Պրահայի, Սպահանի, Մոն Ռեալի միջազգային ցուցահանդեսներում։

Հայտնի էին «Երեւան», «Էրեբունի», «Դվին» «Դեղնաքյունջ» գորգերը։ Վերջինս տարածաշրջանի բրենդն էր հանդիսանում։ Քյունջը Արցախի, Տավուշի բարբառում նշանակում է անկյուն, այսինքն գորգն ուներ դեղին անկյուններ:

Գործարանր 1975թ. արտադրեց քառ.մ գորգ։

«Իջեւան», «Դեղնաքյունջ», «Քարվանսարա» գորգեր


Բնորոշվում են գորգադաշտի անկյունների ընդգծվածությամբ ու մեծավ մասամբ դրանք դեղին հիմնագույնի լինելով։

Դաշտի կենտրոնական հատվածում լինում են մեկմեկում ամփոփված խոշոր բազմանիստներ, որոնց մակերեսի գեղազարդման համակարգի հիմնական տարրը «Գլաձոր» հորինվածքն է։

Լինում են նաև բուսածաղկային հորինվածքներով ու զարդերով գեղազարդվածներ։

Խորհրդային երկրի կարգերի վերացումից հետո, ինչպես Հայաստանի շատ ու շատ արտադրական ձեռնարկություններ, այս կոմբինատը եւս դարձավ մասնավոր սեփականություն։
Մասնավորեցումից որոշ ժամանակ անց մի քանի անգամ փորձ է արվել անհամեմատ պակաս ծավալներով վերագործարկել կոմբինատր, ինչը չի հաջողվել տարբեր պատճառներով։ Այժմ հսկայի կյանքի խաղաղ մայրամուտի վկաները մեկ-երկու հսկիչներն են ու սեփականատերը։
Հետաքրքիր զգացողություններ են ծնվում, երբ զրուցում ես նախկին աշխատակիցների հետ, փշաքաղվում ես՝ քայլելով գործարանի քար լռության մեջ, որտեղ հաստոցներն ու տարբեր ստորաբաժանումները մնացել են առանց մեխանիկների ու բանվորների. տպավորություն է, որ ընդմիջում է, ընդմիջում, որից այլեւս չեն վերադառնում։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website